շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերմանացի պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով անհապաղ բացել այն

Գերմանացի պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով անհապաղ բացել այն

Գերմանացի պաշտոնյաները կոչ են անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որն ամբողջությամբ արգելափակվել է Ադրբեջանի կողմից` հարուցելով հումանիտար ճգնաժամ Արցախում։ Գերմանացի պաշտոնյաները այս մասին հրապարակումներ են արել «Թվիթեր»-ի իրենց պաշտոնական էջերում։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելը անհնար է դարձել, անընդունելի է։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի իրավիճակը ավելի չլարվի»,- գրել է Բունդեսթագի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը։
 
ԳԴՀ կառավարության՝ Հարավային Կովկասի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի հետ միջհասարակական համագործակցության հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Բունդեսթագի պատվիրակության ղեկավար Ռոբին Վագեները  նշել է, որ խորը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: «Բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի տեղի բնակչության բարեկեցությունը, որով և պետք է առաջնորդվել: Այն ներառում է մարդկանց և ապրանքների տեղափոխման բոլոր ուղիների՝ ներառյալ Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ լինելու երաշխիքը»,- գրել է Ռոբին Վագեները:  
 
Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կանաչների խմբակցության Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Մերլե Շպելբերգն ընդգծել է, որ, այս շաբաթվա դրությամբ, արդեն կա դրական նորություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: «Այս օգնությունը կարող է մեղմել սուր արտակարգ դրությունը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ցանկացած շրջափակում հրատապ կերպով պետք է դադարեցվի։ Մարդկային կյանքերը աշխարհաքաղաքական լծակ չեն կարող լինել»,- նշել է նա։

  • Կիսվել: