երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ֆրանսիական ռեգիոնները համախմբվել են՝ Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիական ռեգիոնները համախմբվել են՝ Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ֆրանսիական տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից արցախցիներին ուղղված առաջին անհրաժեշտության պարագաններ տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։

Հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:

«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», - ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։

«Տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: