«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խմբի ներկա և նախկին նախագահները շնորհավորական ուղերձ են հղել Արայիկ Հարությունյանին
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոն նահանգից Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, Պատվավոր քաղաքապետ Գի Տեսիեն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ուղերձում ասված է.
«Պարոն Նախագահ,
Որպես ֆրանսիացի պատգամավոր և Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ՝ պատիվ ունեմ Ձեզ հղելու իմ ամենաջերմ և բուռն շնորհավորանքները Ձեր՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ներկայիս աննախադեպ առողջապահական ճգնաժամի համատեքստում այս ընտրությունների բարեհաջող անցկացումը վկայում է արցախցի ժողովրդի նվիրվածության և Ձեր երիտասարդ ժողովրդավարության կենսունակության մասին: Սա անհերքելիորեն օրինակ է բոլոր այն երկրների համար, որոնք ինքնամեկուսացման այս ընթացքում գտնվում են ընտրական ժողովրդավարական ժամկետների առջև:
Հուսով եմ, որ Ձեր նախագահ ընտվելը էլ ավելի կխորացնի Ֆրանսիայի և Արցախի միջև եղած արդեն իսկ գերազանց հարաբերությունները և թույլ կտա զարգացնել նոր համագործակցություններ:
Ես անհամբեր սպասում եմ, այս ճգնաժամն ավարտվելուն պես, կրկին կայցելեմ Ղարաբաղ, ուր նախապես ծրագրել էի գալ ընթացիկ տարվա հունիս ամսին: Հույս ունեմ, որ պատիվ կունենամ հանդիպել Ձեզ՝ միասին քննարկելու այն ապագա հեռանկարները, որոնք Ձեր նոր մանդատն ընձեռում է մեր երկու երկրների միջև համագործակցության համար:
Ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը։
Գի ՏԵՍԻԵ»:
Շնորհավորական ուղերձ է հղել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խմբի նախկին նախագահ, Լուարի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի Խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ֆրանսուա Ռոշբլուանի ուղերձում ասված է.
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին՝ այս արտառոց իրավիճակում երկու փուլերի քվեարկություններին մեծ թվով մասնակցելու համար: Շնորհավորում եմ նաև Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք անհրաժեշտ միջոցները ձեռք առան՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքն ու ընտրությունը:
Կցանկանայի շնորհավորել Նախագահ Բակո Սահակյանին, ով լավագույն կերպով կարողացավ պատրաստել իր իրավահաջորդությունը:
Ընտրողների քվեին առաջադրված էին 14 թեկնածու, ինչն իսկական ժողովրդավարություն է: Շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն Արցախից, մասնավորապես հարևան Ադրբեջանը: Ուրախ եմ շնորհավորելու նորընտիր նախագահ Արայիկ Հարութունյանին: Մաղթում եմ նրան քաջություն, հաջողություն և բազում նվաճումներ իր նոր և կարևոր պարտականություններում: Ես կասկած չունեմ, որ նա կկարողանա իրեն շրջապատել միասնական կառավարություն ձեւավորելու ունակ անձերով՝ ունենալով միայն մեկ առաջնահերթություն՝ Արցախը:
Կեցցե ժողովրդավարությունը և կեցցե Արցախը !!»: