կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ. ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել. Սամվել Բաբայան

Ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ. ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել. Սամվել Բաբայան

Ինձ ոչ մեկը չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Դիտարկմանը, որ ինքը այդ մասին խոսել է Արցախի Աժ-ում եւ ունեցել է նրանց «դաբրոն», նա արձագանքեց. «Իրենք էդքան չկան, որ «դաբրո» տան: Տեղյակ են եղել, տեսաժապավենը կա, ձեր ուզած բոլոր հերոսները նստած են, ձեր խոնարհ ծառան ելույթ է ունենում, բոլորն էլ գլխով ասում են՝ այո: Ոչ մեկն ինձ հարց չի տալիս, չի ասում՝ պարոն Բաբայան, ձեզ ո՞վ է թույլ տվել, ոնց եք բանակցել, ինչ կետեր եք բանակցել, ինչի մասին եք խոսել»:

Հարցին՝ ո՞վ է ձեզ ներկայացրել բանակցություններում, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես անընդհատ ասում եմ՝ դա բանակցություններ չեն եղել: Դրանք եղել են սկզբունքներ, թե ինչ սկզբունքների շուրջ ենք նստում բանակցությունների: Ասենք, Ղարաբաղն ունենալու է իր բանակը, թե ոչ: Այդ կետերը քննչականում բոլորը կա: Երբ մի օր ավարտվի քննությունը կհրապարակեն: Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել, նա մինչեւ նախագահ ընտրվելը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար, իմ ելույթի ժամանակ այնտեղ է եղել, լսել է:

Դրանից հետո ինքը ճշտել է Ադրբեջանի անվտանգության տեղակալի հետ, նա էլ ասել է՝ նման փաստաթուղթ գոյություն չունի: Ճիշտ է ասել, որովհետեւ ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ: Ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել: Այսինքն ես չէ, իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»:

  • Կիսվել: