երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները. (Տեսանյութ)

Ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները. (Տեսանյութ)

Լաչինի անցակետում ձերբակալված ու Բաքու տեղափոխված 68-ամյա արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, թե հայրը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Ծովինար Խաչատրյանը, որն այսօր բուժման նպատակով հորն ուղեկցում էր Երևան, «Ազատությանն» ասել է, որ Վագիֆ Խաչատրյանը խորհրդային շրջանում պարզապես վարորդ է աշխատել։

«Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել։ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», - նշել է Ծովինար Խաչատրյանը։

68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավուքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմել է, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել՝ ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Ծովինար Խաչատրյանն ասել է, որ հայրը սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։

«Խիստ առողջական խնդիրներ ուներ, շուտափույթ պետք է վիրահատեին։ Ինքն իրեն լավ չէր զգում, անցակետում նույնիսկ արդեն ի վիճակի չէր կանգնելու»,- փոխանցել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը արցախցուն մեղադրվում է 1991 թվականին  «հանցավոր խումբ ստեղծելու» և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ :

  • Կիսվել: