կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետությունը. Արա Զոհրաբյան

Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետությունը. Արա Զոհրաբյան

Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետությունը, այդ հրամանագիրը իրավական ուժ չունի: Այս մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը

Նա նկատեց, որ այս հարցը բարձրացվել է փակ հանդիպման ժամանակ, քննարկվել է, սակայն չի կարող պատասխանը հնչեցնել։

Նա ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել. «Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք, չի կարող լուծարվել»։

Հարցին՝ հնարավո՞ր է Սամվել Շահրամանյանը հրաժարվի իր ստորագրած հրամանից. «Իհարկե, ամեն ինչ էլ կա։ Գերագույն դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Ընդհանրապես, իրավական ակտ ընդունած  անձը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած իրավական ակտը։ Նման գործիքներ կան»։

Արա Զոհրաբյանը հայտնեց, որ փակ քննարկմանը տարբեր հարցեր են քննարկվել, նաև ՀՀ իշխանության-Արցախի իշխանություն համագործակցությունը։ Հարցին՝  ՀՀ իշխանությունը պատրա՞ստ է ողջունել, համագործակցել Արցախի իշխանության, մասնավորապես, Սամվել Շահրամանյանի հետ, Արա Զոհրաբյանն ասաց. «Իմ անձնական կարծիքը. կարող եմ ասել, բնականաբար, Հայաստանի  իշխանությունը հրաժարվել է  Արցախին սատար կանգնելուց, որի և բարոյական, և իրավական  պարտականությունն էր։ Այս վիճակը, որ ունենք, ունենք նաև  Հայաստանի իշխանությունների գործուն մասնակցությամբ։ Այս իշխանությունները,  ցավոք, հակահայկական կեցվածք ունեն։ Բնականաբար, եթե այս իշխանությունները սրտացավ վերաբերմունք ունենային, մենք այլ վիճակ կունենայինք։

Մենք պետք է մեր հնարավոր միջոցերը, ճնշումները կիրառենք, որպեսզի Արցախի իրավունքների, ինքնորոշման հարցը լուծվի։ Այս իշխանությունը խանգարող հանգամանք է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է քննարկենք»։ 

Հիշեցնենք, որ Շահրամանյանի ստորագրած հրամանագրով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

  • Կիսվել: