երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ու կհետազոտի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ու կհետազոտի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա.

Ա. Նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը:
Բ. Շարունակաբար հավաքագրել և հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների 2-րդ, 3-րդ և 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար: Դաշտային, փաստահավաքչական աշխատանքների առավել համակարգված, ճիշտ կազմակերպումը պահանջում է այդ բոլոր մեծարժեք տվյալների որակյալ տեսաձայնագրում, մշակում ու ամբարում:
Գ. Հավաքագրել և հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին: 

 Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ն հնարավորություն կստանա, բարձրացնել կատարվող գիտական հետազոտությունների տեսանելության մակարդակը, խթանել համագործակցությունը հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների և անհատ հետազոտողների հետ։ Նախագիծը կնպաստի նաև ՀՑԹԻ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման։

  • Կիսվել: