երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում  ինտենսիվ այգի է հիմնվում

Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում ինտենսիվ այգի է հիմնվում

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում  մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ ներկայում գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական եռուն աշխատանքներով:

«Դեռ խորհրդային ժամանակաշրջանից ունենք խաղողի այգիներ, որոնք սեփականաշնորհման կարգով անցել են գյուղացիներին: Բնակիչների մեծ մասը զբաղվում է խաղողագործությամբ: Արդեն մոտ 10 տարի է համայնքում զարգանում է նաև նռան մշակումն և այգիների հիմնումը»,-ներկայացրել է համայնքապետը՝ կարևորելով նաև անասնապահության ճյուղը՝ որպես բերդաշենցիների եկամտի աղբյուր:

«Անասնապահությամբ զբաղվելու կարևորությունը առավել գիտակցեցինք շրջափակման պայմաններում՝ հատկապես  պարենային անվտանգության խնդրի լուծման տեսանկյունից: Համայնքի  անասնաֆերմաները ջրով  ապահովելու  հետ կապված խնդիր կար, որի լուծման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին, սակայն շրջափակմամբ պայմանավորված, առայժմ դադարեցվել են»,-հայտնել է մեր զրուցակիցը: 

Համայնքապետի խոսքով՝ բերդաշենցի երիտասարդները նվիրումով շարունակում են նպաստել հայրենի գյուղի զարգացմանը, իսկ ընտանիքները՝ նոր տներ կառուցել:
«Երիտասարդությունը բավականին ակտիվ է, ժամանցային վայրեր են ստեղծել, մի մասը ցանկանում է գործունեություն ծավալել բիզնեսի, ջերմոցային տնտեսության ոլորտներում: Արդեն ունենք բնակիչ, ով զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: Համոզված եմ, որ գյուղատնտեսության այս ճյուղում էլ մեր համագյուղացիները հաջողություն կարձանագրեն:

Նրանցից ոմանք ցանկություն ունեն տնամերձ հողատարածքներում ջերմոցներ կառուցել, մենք էլ փորձում ենք աջակցել ու տարբեր ծրագրերում ընդգրկել»,-ասել է նա՝ նշելով, որ Բերդաշենում աջակցության ծրագրեր են իրականացվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ շրջանակներում 77 ընտանիքի շուրջ 1 միլիոն դրամի չափով աջակցություն է տրամադրվել:

Աջակցությունից օգտված ընտանիքներն արդեն զբաղվում են մեղվապահությամբ, խոզաբուծությամբ, ինչպես նաև կարի մեքենաներ են ձեռք բերել: 

Բերդաշենի խնդիրներից համայնքապետն առանձնացրել է համապատասխան պայմանների բացակայությունը սպորտով զբաղվելու համար, մինչդեռ գյուղի պատանիներն ու երիտասարդները մարզական բավականին ներուժ ունեն:

  • Կիսվել: