կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակցությունների 2-րդ փուլում փորձել ենք ապահովել միջանցք կոչվածը եւ անվտանգ դուրս բերել բնակչությանը. Շահրամանյան

Բանակցությունների 2-րդ փուլում փորձել ենք ապահովել միջանցք կոչվածը եւ անվտանգ դուրս բերել բնակչությանը. Շահրամանյան

Ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները վերահսկում էին եւ այդ ճանապարհներին տեղակայված էին Ադրբեջանի զինված ուժերը: Այս մասին այսօր Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն շատ մոտ էր գտնվում խաղաղ բնակավայրերին եւ դա խուճապ էր առաջացնում: Այս իրավիճակից դուրս գալու համար սեպտեմբերի 21-ից անձամբ Ադրբեջանի ՊՆ գեներալիտետի հետ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ մենք շրջել ենք շրջաններում եւ շրջափակման մեջ գտնվող մեր զինծառայողներին դուրս էինք բերում այդ իրավիճակից: Դա հնարավորություն է տվել փրկել հարյուրավոր կյանքեր:  Ամսի 21-ից 24-ը մենք ամենօրյա ռեժիմով զբաղված էինք իմ նշած հարցերով:

Պարզ էր, որ շրջանները այդքան օր մնալով շրջափակման մեջ, չունենալով տարրական պայմաններ, սնունդ, զրկված լինելով հարազատների հետ շփումից, պահանջում էին մեզնից լուծել այդ հարցը եւ իրենց շուտափույթ դուրս բերել այդ իրավիճակից:

Այդ ժամանակ մենք ունեցել ենք մեծ թվով տեղահանվածներ, որոնք գտնվում էին Իվանյանի օդանավակայանում, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում: Այդ թիվը մոտ 8 հազարի էր հասնում: Մարդիկ գիշերում էին փողոցներում, մեքենաներում եւ պետք էր այդ իրավիճակին էլ լուծում տալ: Մի զգալի մաս գտնվում էր Ստեփանակերտում, դպրոցներում, դահլիճներում: Մենք ստիպված էինք երկու հանդիսությունների սրահ օգտագործել եւ օրական մոտ 4 հազար մարդու ապահովել սնունդով: Պարզ էր, որ բնակչությունը պահանջում էր, որ տրամադրենք ճանապարհ Հայաստան տեղափոխվելու համար:

Բանակցությունների երկրորդ փուլը նվիրված էր նրան, որ ապահովենք այդ միջանցք կոչվածը եւ անվտանգ դուրս բերեինք մեր բնակչությանը»,-ասաց Շահրամանյանը:

Եղծահողի բնակչության տարհանման մասով նա ասաց. «Բնակչությունն արդեն երկու օր գիշերում էր ռուսական խաղաղապահների հենակետի մոտ, որովհետեւ Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում էր բնակչությանը շատ մոտ: Մենք բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ թույլատրել են նրանց իրենց մեքենաներով դուրս գան դեպի Հայաստան»:

Նա հավելեց, որ խոսակցություն կար, որ անցագրային կետը գործելու է մի քանի օր, ով չհասցնի՝ մնալու է Արցախում, դրա համար խուճպային իրավիճակը փորձում էինք կարգավորել: 

  • Կիսվել: