երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայտնի է՝ ինչու է բերման ենթարկվել Շահրամանյանի անվտանգության աշխատողը

Հայտնի է՝ ինչու է բերման ենթարկվել Շահրամանյանի անվտանգության աշխատողը

Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին բերման են ենթարկել քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ հավելելով, որ նրա մոտ անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտաբերվել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան InfoPort.am-ի տեղեկացրել էր, որ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի` հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: Նախնական տեղեկություններով նրան ձերբակալելու պատճառը երեկ առավոտյան Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ Դանիելյանը հայհոյել է 24news.am կայքի նկարահանող խմբին։

Հավելենք, որ այսօր մարզաշխարհի ներկայացուցիչները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների Էրեբունու նստավայրի մոտ հավաքվելու են և իրենց աջակցությունը հայտնեն սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին։

«Այսօր Երևանում բերման է ենթարկվել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանը:  Նա միջազգային հարթակներում միշտ ամենաբարձր մակարդակով է ներկայացրել Արցախ-Հայաստանը՝ հաղթանակներ նվաճելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների Էրեբունու նստավայրի /հասցեն՝ ք.Երևան, Մովսես Խորենացի 162 ա/ դիմաց հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք մեր չեմպիոնին»,- ասված է Սպորտային Արցախ ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ։

  • Կիսվել: