երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի․ Ասկերանի նախկին ղեկավար

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի․ Ասկերանի նախկին ղեկավար

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կազմակերպվել է Արցախի վերածննդի 36-ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։

Հարցին՝ ինչ ելութ է ունեցել Շահրամանյանը, որն է եղել ուղերձը, նա պատասխանեց. «Ուղերձն այն է, որ պետք է վերադարձ ապահովենք դեպի Արցախ: Ճանապարհները տարբեր են: Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել. Արցախի վերադարձը կապված է հայոց վերածննդի, հայոց զարթոնքի հետ: Առանց հայության զարթոնքի հնարավոր չի լինելու վերադարձ ապահովել:Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ: Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի, ամեն ինչ անում են, որ մոռացության տան ոչ միայն Արցախը, այլեւ պատմական մեր հայրենիքը»:

Ճշտող հարցին՝ միջոցառմանը քննարկվել է, թե ինչպես հեռացնել ՀՀ իշխանություններին, Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, դա իմ տեսակետն է։ Այստեղ հիմնականում շնորհավորանքներ էին, հիշում էինք մեր անցած ուղին, այն սխալները, որ տեղի են ունեցել եւ  այն ճանապարհը, որով պետք է Արցախը վերադարձնենք: Խոսվել է նաեւ արցախցիների հմայնքի պահպանման, մեր հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման մասին: Այնպես չանենք, որ ցրվենք, ինչպես ցանկանում են այսօրվա իշխանությունները, չլինի Արցախ ու արցախցի»:

Նա հավելեց, որ Շահրամանյանը խոսել է միայն իշխանությունների հետ համագործակցության ուղիներ գտնելու մասին. «Ինքը միայն շնորհավորել է արցախյան շարժման վետերաններին եւ հույս է հայտնել, որ երբեւէ կվերադառնանք մեր պատմական բնօրրան»:

  • Կիսվել: