կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Այս ամենի պատասխանատուն նաեւ Կարմիր Խաչն է, որը հրաժարվում է Արցախ գնալ». ակցիա՝ Կարմիր Խաչի գրասենյակի մոտ

«Այս ամենի պատասխանատուն նաեւ Կարմիր Խաչն է, որը հրաժարվում է Արցախ գնալ». ակցիա՝ Կարմիր Խաչի գրասենյակի մոտ

Երեւանում Կարմիր խաչի գրասենյակի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Արցախի:

Ակցիայի կազմակերպիչներից Ալվարդ Զաքարյանը ընթերցեց այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթից մի հատված, որտեղ նա ասում է. ««Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն ասեք ինձ ես ինչպես նայեմ այս ժողովրդի աչքերին, եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպես նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է:

Ես ինչպես նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես ես ինչպես նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:

Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում»:

Նա նաեւ հավելեց. «Մենք այլեւս կորցնելու ոչինչ չունենք: Այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետեւ Կարմիր խաչը, երբ հաստատվել է Հայաստանում, եկել է այստեղ զուտ Արցախի համար, արցախյան հակամարտության ժամանակ եւ հիմա հրաժարվում են գնալ Արցախ եւ հումանիտար օգնություն հասցնել: Ես ծնվել եմ Արցախում, ապրում եմ Հայաստանում, ունեմ 6 ամսական երեխա, որը կրում է հայրիկիս անունը, բայց նրան չի տեսել: Կոչ եմ անում միանալ մեզ, որովհետեւ այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է: Շուտով այնտեղ մանուկներն էլ ուտելու բան չեն ունենա: Շատ մարդիկ են մահանալու եւ այս պատասխանատվությունը բոլորիս վրա է: Այս ամենի պատասխանատուն ինչ-որ չափով նաեւ Կարմիր Խաչն է, որը հրաժարվում է Արցախ գնալ»:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

 

  • Կիսվել: