ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. ԱՀ ԱԺ նախագահ

Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. ԱՀ ԱԺ նախագահ

Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար պահում է Արցախը լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի´ հայրենակիցներ

Մի առիթով Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ասել է. «Աստված իշխանության մեջ չէ, այլ՝ ճշմարտության»:
 
Մեր ճշմարտությունը մեկն է, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:
 
Ավելի վաղ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
 
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը, անտեսելով ու զրոյացնելով ԼՂՀ անկախության հռչակագիրը, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև ԼՂ-ը, սակայն ԼՂ-ի հայության իրավուքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու- Ստեփանակերտ երկխոսությամբ:
 
Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:
 
Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի՝ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը, սատար կանգնել արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին:
 
Հարգելի´ պատգամավորներ
 
Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար: Յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն:
 
Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»:

  • Կիսվել: