Ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատական նիստը
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, որը մեղադրվում է «ցեղասպանության» մեջ, նա առեւանգվել էր Հաքարի կամրջից հուլիսի վերջին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ «վկան այսօրվա նիստում ցուցմունքներ է տվել, հետո գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակվել են»։
Այսօր ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ չի բացառվում, որ «դատախազը պատիժ պահանջի մեղադրյալի համար»։
APA գործակալության տեղեկացմամբ՝ դատախազը դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել, նիստը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 7-ին։
Վագիֆ Խաչատրյանը անցնում է այն «քրեական գործով, որը հարուցել է Ադրբեջանի դատախազությունը 1991թ. դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում անօրինական զինված կազմավորումների մասնակիցների կողմից ցեղասպանության, ադրբեջանցիների բռնի տեղահանման, պետական գույքի ոչնչացման եւ վնասման փաստով»։ Խաչատրյանը հերքում է Բաքվի առաջադրած մեղադրանքները։