Ասկերանում հաղթահարում են հետպատերազմական շրջանին բնորոշ բոլոր դժվարությունները. քաղաքապետ
Ասկերան քաղաքում հաղթահարում են հետպատերազմական շրջանին բնորոշ բոլոր դժվարությունները` փորձելով ապահովել օրեցօր նկատելի զարգացումը։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: «Քաղաքը 2873 բնակիչ ունի. պատերազմից հետո բոլորն անմիջապես վերադարձել են հայրենի եզերք: Տեղահանված 114 ընտանիք է հաստատվել այստեղ՝ 474 բնակչով:
Նրանք բոլորն էլ օգտվել են պետության կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցություններից: ԿԽՄԿ-ի կողմից ևս ստացել են աջակցություն` սննդի և հիգիենայի պարագաների տեսքով, նրանց տրամադրվել են նաև ընտանի թռչուններ և կենդանիներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսությամբ, վերջերս էլ` ջեմոցներ. որոշ ընտանիքներ էլ զբաղվում են ջեմոցային տնտեսությամբ: Դպրոցում սովորում է 437 աշակերտ, նրանցից 110-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլետրաէներգիայով, գիշերային լուսավորությամբ, շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ասկերանի կենտրոնական` Ստեփան Շահումյան փողոցը ասֆալտապատված է, իսկ Նելսոն Ստեփանյան փողոցում արդեն 1 շաբաթ է` ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում»,- ներկայացրել է քաղաքապետը:
Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան 44- օրյա պատերազմի ընթացքում քաղաքը չորս զոհ է տվել, մեկ քաջորդու ճակատագիրը մինչ օրս շարունակում է անհայտ մնալ, 17 ասկերանցի էլ պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է:
«Արցախյան առաջին պատերազմում նահատակված ազատամարտիկի որդի լինելով` վստահորեն կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրը քաջ գիտակցել է իրեն վստահված առաքելության կարևորությունը»,- ընդգծել է Հ. Շամիրյանը։
Անդրադառնալով շրջկենտրոնի բնակիչների զբաղվածությանը՝ նա տեղեկացրեց, որ մի մասը պետական համակարգի աշխատակիցներ են , մյուս մասը` մասնավոր սեկտորի, իսկ առհասարակ մարդիկ, հողի հետ կապված լինելով, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, խաղողագործությամբ, հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ: