Աշոտ Դանիելյանի գործը շինծու է․ Փորձում են Արցախի հարցի վրա «կափարիչ» դնել ու փակել․ Սամվել Շահրամանյան
Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել վրան և փակել այդ հարցը: Այսպես մեկնաբանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը՝ ուղիղ կապ տեսնելով իրավապահների գործողությունների և Արցախի հարցը փակելու նկրտումների մեջ։
«Ուզում եմ նշել, որ այս ամենը (թիկնազորի աշխատակցի աղմկահարույց ձերբակալությունը, խմբ․) կապ ունի նրա հետ, որ փորձ է արվում, այն, ինչ կապված է Արցախի հետ փակել, կափարիչ դնել վրան։ Բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, այլ պետք է գտնել լուծումներ Արցախի և արցախցիների խնդիրների լուծման համար։ Մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում մեր բաց վերքը միշտ լինելու է ու արյունահոսելու է»,- շեշտեց նա։
Շահրամանյանը դիմեց պատասխանատու ուժային մարմիններին կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակման հարցը, քանի որ գործը, իր խոսքերով, շինծու։ «Մեծ հարցեր է առաջացնում ձերբակալության օրինաչափության մեջ, երբ 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալում են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ , ձերբակալում են նախագահին սպասարկող մեքենայում։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները առաջիկայում մենք կստանանք»,- շեշտեց ԱՀ նախագահը։
Նշենք, որ Աշոտ Դանիելյանը հայաստանյան իրավապահների կողմից կասկածվում է թմրանյութ օգտագործելու և իրացնելու մեջ, թեև նա սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է և ինչպես նշել են Դանիելյանի փաստաբանները, նույնիսկ ծխախոտ չի օգտագործում։