երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արթուր Թովմասյան, Արտակ Բեգլարյանը, Սերգեյ Ղազարյանը հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների

Արթուր Թովմասյան, Արտակ Բեգլարյանը, Սերգեյ Ղազարյանը հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը մարտի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների:

Նրանք լսել են ներկաների մտահոգություններն ու առաջարկներն իրենց տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Առանձնակի քննարկում է ծավալվել բնակարանային կարիքների ապահովման ծրագրերի շուրջ:

Պետական նախարարը ներկայացրել է տեղահանվածների ու զոհվածների ընտանիքների համար առ այսօր մեկնարկած բնակարանային ծրագրերն ու արդյունքներն Արցախում և ՀՀ-ում՝ ընդգծելով, որ Արցախում արդեն զոհվածների տասնյակ ընտանիքներ ապահովվել են բնակարանով, և առաջիկա շաբաթներին նորանոր ընտանիքներ ևս կստանան բնակարաններ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք ծրագրի հետ կապված որոշ օբյեկտիվ խնդիրներ՝ ՀՀ-ում բնակարանային կարիքների ապահովման ծրագրի կյանքի կոչման ժամկետների մասով որոշակի ուշացում է տեղի ունեցել: Արտակ Բեգլարյանը նշել է, որ առաջիկայում հնարավոր կլինի հստակեցումներ կատարել այդ ծրագրի մոտեցումների ու ժամկետների առումով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք հավաստիացրել են, որ զոհվածների ու տեղահանվածների ընտանիքների հիմնախնդիրները գտնվում են ԱՀ իշխանությունների մշտական ուշադրության ներքո:

 

 

  • Կիսվել: