երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախը ոչ միայն տուն է, այլև՝ հոգևոր գանձարան․ ոտքով ուխտագնացություն՝ դեպի Աստվածածին եկեղեցի

Արցախը ոչ միայն տուն է, այլև՝ հոգևոր գանձարան․ ոտքով ուխտագնացություն՝ դեպի Աստվածածին եկեղեցի

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը` այսօր, կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Դաշուշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հավատացյալներ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի ուխտագնացության վայր: Տեր Հայրը եկեղեցում մատուցեց տոնական Սուրբ Պատարագ, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Այսօր հիշատակվում է Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի մասին, ովքեր բոլորիս համար օրինակ են, թե ինչպես է պետք տնօրինել Հոր կողմից ստացված ժառանգությունը: Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու և անդրադառնալու մեր հոգևոր ժառանգությանը, և միասնական կերպով սատար կանգնելու նախնիներից ժառանգած մեր Մայր Եկեղեցուն և հայրենիքին:

Եվ, ինչպես Տեր Ներսեսը նշեց իր այսօրվա քարոզի մեջ, որ Արցախը ոչ միայն տուն է, այլ նաև հոգևոր գանձարան, որտեղ ամփոփված են հայոց սրբերն ու մեծերը, վանքերն ու եկեղեցիները, սրբությունները, մշակութային և ազգային արժեքները:

Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն այցելեցին նաև տեղի «Ս. Սրաբեկ» ուխտավայր, որտեղ անցկացրին հոգևոր զրույց: 

  • Կիսվել: