կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը»․ Սամվել Բաբայան

«Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը»․ Սամվել Բաբայան

Ես ոչ մի ժամանակ Արցախի էջը փակված չեմ համարում։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը հայտարարեց, թե Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը։

«Արցախը սեպտեմբերի 19-ի դեպքերով հանձնել է Արցախի իշխանությունը», - նշեց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ նպաստել Արցախի հանձնմանը՝ նա արձագանքեց. «Նպաստեց։ Ես ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձևով անել, ինչ ձև անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունը կողքից հետեւում էր, թե ինչ է կատարվում Արցախում եւ ինչպես է հայաթափվում Արցախը, Սամվել Բաբայանն ասաց. « ՀՀ իշխանությունը ոչ մի բան չէր կարող անել, որովհետեւ չունի բանակ, չունի իր պաշտպանությունը, եւ Ադրբեջանն էլ կոշտ հարցը դնում է, որ դու չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվել: Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների: Նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետեւ Մոսկվայից նման կարգադրություն էին ստացել»:

Նա համաձայն չէ այն պնդման հետ, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրեջանի մաս։

«Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», - ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։

  • Կիսվել: