հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում տեղահանված ընտանիքներին լվացքի մեքենաներ են տրամադրվել

Արցախում տեղահանված ընտանիքներին լվացքի մեքենաներ են տրամադրվել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը 200 տեղահանված ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել:

«Արցախպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը և նշեց, որ օգնությունը Արցախի սոցիալական գերատեսչությանն է փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից:

«Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից: Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ են հետևել մարդասիրական օգնությունը քաղաքացիներին փոխանցելու աշխատանքներին: Կարիքների գնահատման միջոցով առավել ծանր սոցիալական ենթախմբում գտնվող անձանց անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելու ծրագրի շրջանականերում կյանքի կոչված աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: Այն հաջորդաբար կտարածվի սոցիալական այլ խմբերի վրա ևս», - նշեց Ա. Թովմասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ ծրագիրը գործարկվել է իր ակտիվ միջնորդությամբ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ համատեղ:

«Նախորդող օրերին լվացքի մեքենաներ են տրամադրվել նաև ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող որոշ ընտանիքների, որոնց ընտրությունը կատարվել է համայնքի կողմից: Այս ծրագիրը Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի հերթական ծրագիրն է հետպատերազմյան Արցախում», - նշեց Ա. Սիմոնյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքից տեղահանված, զոհված ազատամարտիկի դուստր Մարիաննա Բաղրյանը, ով ևս ծրագրի շահառուներից է, շնորհակալություն հայտնեց Կրասնոդարի երկրամասի հայ համայնքին և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը իր ընտանիքին լվացքի մեքենա տրամադրելու համար և նշեց,որ այն կթեթևացնի առօրյա հոգսերը:

  • Կիսվել: