ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում շրջափակման մեջ 188 երեխա է ծնվել

Արցախում շրջափակման մեջ 188 երեխա է ծնվել

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 30.01.2023թ. դրությամբ։

Կարմիր խաչի միջնորդությամբ 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար

Արցախից Հայաստան հիվանդների և շրջափակման պատճառով ընտանիքներից կտրված անձանց տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ

Ինչպես անցած շաբաթվա ընթացքում համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանրային հանդիպումների ընթացքում Ռուբեն Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով:

«Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը:
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ հասարակական – քաղաքական հատվածի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 28-ին ընդունել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։

 

Օրվա վիճակագրական թարմացումներ
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 51 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա, ուսումնական հաստատություն, 56 նախադպրոցական խումբ։
6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

  • Կիսվել: