երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում կազմավորվել է 282 ընտրատեղամաս. Արցախի ոստիկանություն

Արցախում կազմավորվել է 282 ընտրատեղամաս. Արցախի ոստիկանություն

Այսօր Արցախի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը, անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանն ու հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը պատասխանել են ԱՀ և ՀՀ մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներակայացուցիչների հարցերին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը: 

Ճեպազրույցի թեման եղել է Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք համապետական ընտրությունները:

2020 թվականի մարտի 31-ին տեղի ունենալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` 2020 թ. հունվարի 27-ի հրամանով փետրվարի 3-ից Արցախի ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ձևավորվել են ոստիկանության վերակարգեր: Ոստիկանության ծառայությունն ընտրական տեղամասերում սկսվում է քվեարկության նախորդ օրը:

Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103 663 է, որոնցից 776-ը համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս:

Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով իրականացվում են համապատասխան ստուգումներ:

 

 

  • Կիսվել: