Արցախում իրականացվում են աննախադեպ ծավալով շինաշխատանքներ. քաղաքաշինության նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Պաշտոնավարման 100 օրվա առթիվ՝ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Մամուլի ասուլիսին նախարար Արամ Սարգսյանն ասել է, որ այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են Արցախում, իրենց ծավալներով աննախադեպ են:
Նախարարի խոսքով՝ միանգամից այս չափի շինարարություն երբևէ չի իրականացվել, սակայն դա ինքնանպատակ չէ, քանի որ զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ միայն կարելի է ունենալ բարեկեցիկ կյանքի միջավայր:

«Եվ Հանրապետության Նախագահի կողմից այն բարձր նշաձողը, որը սահմանվել է այդ ուղղությամբ, շինարարական ոլորտի մեր ընկերություններն ու մասնագետները, համոզված եմ, պատվով են կատարում և այդպես էլ շարունակելու են: Այս առումով նախ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել մեր բոլոր բանվորներին ու վարպետներին, ովքեր կիզիչ արևի ու եղանակային տարբեր իրավիճակներում բարեխճորեն ու արդյունավետ կատարում են իրենց գործը»,- մասնավորապես նշել է քաղաքաշինության նախարարը:
Անդրադառնալով ընթացիկ և անցած 100 օրերի ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ԱՀ պետական բյուջեում 2020 թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 19 մլրդ. 780 մլն. դրամ, սակայն պետական բյուջեում կատարված վերջին փոփոխությամբ լրացուցիչ հատկացվել է 6 մլրդ 500 մլն դրամ, և ընդհանուր առմամբ, ներկայումս կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 26մլրդ 280 մլն. դրամ:

Ըստ նախարարի՝ կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկված են ԱՀ Նախագահի նախընտրական ծրագրում ներկայացված, ինչպես նաև տարեսկզբից նախատեսված գրեթե բոլոր աշխատանքները: 2020թ.հունիս-օգոստոս ամիսներին նախարարություն մուտք է գործել շուրջ 160 դիմում` բնակարանների, բնակելի տների, տանիքների վերանորոգման, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման, շինանյութերի տրամադրման վերաբերյալ: 62 գրություն ստացվել է շինանյութ տրամադրելու մասին, որոնցից 40-ն արդեն իսկ բավարարվել է, մնացած 22-ի մասով կազմված են հաշվարկներ` առաջիկա տարիներին տրամադրելու նպատակով: 53 դիմումի տրվել է համապատասխան գրություն, իսկ մնացած 45-ի համար մասնագետները տեղում կծանոթանան խնդիրներին և կտան համարժեք պատասխան:
Ասուլիսին Ա. Սարգսյանը, ըստ ոլորտների և հանրապետության շրջանների ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: