երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում հաշմանդամներին տրանսպորտային սպասարկման դիմաց տրվող փոխհատուցման  հոդվածը հանվում է. լսումներ

Արցախում հաշմանդամներին տրանսպորտային սպասարկման դիմաց տրվող փոխհատուցման հոդվածը հանվում է. լսումներ

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի    սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում  նախատեսվող փոփոխությունները և լրացումները քննարկելու նպատակով:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամներ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Մայիսին հանրային խորհուրդը հանրագրով դիմել էր խորհրդարանի ղեկավարին՝ առաջարկելով քննարկվող օրենքների նախագծերը սոցիալական կայքէջերում տեղադրելուն զուգահեռ ՝ հանրային քննարկում կազմակերպել սոցիալական խոցելի խմբերի հետ, քանի որ այդ խմբերի անդամների մեծ մասը ի վիճակի չէ օգտվելու սոցկայքերից:

Ընդառաջելով առաջարկին՝ Ազգային ժողովի    սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է  այս լսումները:

Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Վահրամ Առաքելյանը: Նա ներկայացրել է նախագծի խնդրահարույց կետերը, որոնցից մեկը վերաբերում էր հաշմանդամներին կապի միջոցներով ապահովելու հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն, մյուսը՝ կենցաղային և տրանսպորտային սպասարկման դիմաց տրվող փոխհատուցման  հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն:

Նախարարը պարզաբանել է, որ այս փոփոխություններով հաշմանդամների իրավունքների սահմանափակում տեղի չի ունենա, պարզապես այս հարցերի կարգավորումը կտեղափոխվի կառավարության որոշումների դաշտ:

Ազգային ժողովի    սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորումը  ի օգուտ հաշմանդամների է, սահմանվում է առավել ճկուն մեխանիզմ:

Խորհրդարանի ընդունած  օրենքները բխում են խոցելի խավերի շահից՝ ասել է ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամները իրենց նկատառումները հայտնեցին, խորհրդի  նախագահ Արմեն Գևորգյանն առաջարկեց օրենքների քննարկմանը հրավիրել շահառուներին ու հաշվի առնել նրանց կարծիքը:

Լսումների մասնակիցները շեշտել են հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

  • Կիսվել: