հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում երիտասարդության ոլորտը համակարգող նախարարը դեմ է եղել Արայիկ Հարությունյանի դասախոսությանը

Արցախում երիտասարդության ոլորտը համակարգող նախարարը դեմ է եղել Արայիկ Հարությունյանի դասախոսությանը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կցանկանայի անդրադառնալ մի թեմայի, որի գնահատականը կարող եք ինքներդ տալ: Օրերս Արցախում անցկացվող «Երիտֆորում»-ին մասնակից երիտասարդների համար նույն թեմայով դասախոսություն կարդալու հրավեր էի ստացել կազմակերպիչներից: Սակայն տեղեկացել եմ, որ երիտասարդության ոլորտը համակարգող նախարարը դեմ է արտահայտվել՝ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով: Հիշեցնեմ պարոն նախարարին, որ մեր երկրում սպասվող համապետական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է 2020թ.-ին, իսկ դասախոսությանս թեման, ինչպես արդեն նշեցի, Արցախի տնտեսությանն է վերաբերում: Գիտական ոլորտը քաղաքականացնելը մտքի տկարություն է, թե չէ ինչպե՞ս հասկանալ քաղաքական մտածողության այս սնանկությունը…»:

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն հաճելի ավանդույթ է դարձել ՀՀ առաջատար բուհերում դասախոսություններով հանդես գալս: Օրերս նման մի հրավեր եմ ստացել ինձ համար հարազատ բուհից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, որտեղ բովանդակալից, բայց, ցավոք, կարճատև ուսումնառություն եմ ունեցել: Բովանդակալից, որովհետև այդ ընթացքում հասցրի դառնալ բուհի լավագույն ուսանողներից մեկը և հնարավորություն ունեի արտասահմանյան առաջատար որևէ բուհում շարունակելու կրթությունս, բայց կարճատև, որովհետև սկսվեց Արցախյան գոյապայքարը և ինձ այլընտրանքի հնարավորություն չթողեց…

Այս ամենն արդեն անցյալում է, բայց բուհի հանդեպ իմ ունեցած ջերմ վերաբերմունքը երբևէ չի փոխվել: Այդ նույն ջերմությամբ ու առանձնահատուկ պատասխանատվությամբ պատրաստվում եմ նոյեմբերի 4-ին հանդես գալ «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպման ընթացքում առաջին անգամ հրապարակավ կներկայացնեմ կանխատեսվող արդյունքների վերաբերյալ նոր հետազոտություն:

Սիրով կսպասեմ»:

 

  • Կիսվել: