շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արցախում դժվար թե լինի թեկնածու, որն առաջին փուլում ապահովի 50+1 ձայն, կարծում եմ՝ կլինի 2-րդ փուլ. Վիգեն Հակոբյան

Արցախում դժվար թե լինի թեկնածու, որն առաջին փուլում ապահովի 50+1 ձայն, կարծում եմ՝ կլինի 2-րդ փուլ. Վիգեն Հակոբյան

Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է նորմալ, հանգիստ, առանց լուրջ խոչընդոտների, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ վերլուծելով արցախյան ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Նրա կարծիքով, սա դեռ սկիզբն է, և առայժմ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ներկայացնել իր ծրագրերն ու մոտեցումները՝ հետևելով հնարավոր մրցակիցներին:

Նշենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է 14 թեկնածու, իսկ խորհրդարանում ընգրկվելու համար հավակնում է 12 քաղաքական ուժ:

«Պարզ է, չէ՞ որ ոչ բոլոր են ռոմանտիկ և ոչ բոլորը կհաղթեն և առաջադրված յուրաքանչյուր թեկնածու կամ քաղաքական ուժ ունի իր լոկալ խնդիրը, հասկանում է՝ ով է իր մրցակիցը: Այդ պատճառով էլ, այս փուլում յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իրեն, իր առավելությունն ու նոր տեսակը, որպեսզի կարողանա հրապուրիչ դառնալ ընտրողի համար», -ասաց Հակոբյանը:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, երբ քարոզարշավի ընթացքում հայտնի կդառնան՝ ովքեր են ֆավորիտները, չի բացառվում, որ կիրառվեն սև տեխնոլոգիաներ, ընտրական գործընթացը սրվի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արցախյան ընտրություններն ավարտվեն երկրորդ փուլով, Հակոբյանը դրական պատասխան տվեց՝ նկատելով, որ 4 ֆավորիտ թեկնածու կա, որոնք կարող են դուրս գալ երկրորդ փուլ: Այդ թեկնածուներն են՝ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայլիյանը, Վիտալի Բալասանյանը և Աշոտ Ղուլյանը:

«Բացի այդ, քանի որ բավականին շատ թեկնածու կա, յուրաքանչյուրը որոշակի ձայներ տանելու է, ինչը փոշիացնելու է էլեկտորատի ձայների բանկը: Դրա համար, կարծում եմ, որ դժվար թե լինի թեկնածու, որը առաջին փուլում 50+1 ձայն ապահովել: Չեմ բացառում, որ լինի երկրորդ փուլ», -ընդգծեց Հակոբյանը:

  • Կիսվել: