ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում բժիշկների պակաս կա. «Բժիշկներն Արցախի համար» ծրագրի նպատակն է այդ բացը լրացնելը

Արցախում բժիշկների պակաս կա. «Բժիշկներն Արցախի համար» ծրագրի նպատակն է այդ բացը լրացնելը

Արցախում 2020 թվականի պատերազմից հետո տարբեր ոլորտներում մի շարք խնդիրներ են առաջացել: Առողջապահական ոլորտն անմասն չի մնացել այդ խնդիրներից: Մասնագետների պակասը, ոլորտի որոշ ուղղություններում անգամ բացակայությունը մեծ հարված է առողջապահական համակարգի համար: Իհարկե, նախկինում ևս եղել է այդ պակասը, սակայն այժմ անհամեմատ այդ թիվն աճել է:

Այս խնդրի լուծման համար, արդեն մոտ 1 տարի է՝ 2021 թվականի մարտ ամսից իրականացվում է «Բժիշկներն Արցախի համար» ծրագիրը: Այն կյանքի է կոչվել Հայ օգնության ֆոնդի, Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:

2021 թվականին մոտ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատարմասնագետները  գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ ն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։ Ծրագիրը շարունակվում է և այս պահին էլ բժիշկներից մոտ 10 հոգի գտնվում են Արցախում:

Zarkerak.am-ը զրուցել է Հայ օգնության ֆոնդի Առողջական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանի հետ։ Նա մեզ  հայտնեց, որ մասնագետների ընտրությունը կատարվում է ըստ հիվանդության տարածվածության: Նրա խոսքով, հիմնականում լինում է վիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պահանջ: Մասնագետների անհրաժեշտության մասին տեղեկացնում է Արցախի Առողջապահության նախարարությունը, ընդ որում ներկայացնելիս հայտնում է՝ մասնագետը հրատապ է պետք, թե ոչ  :

«Օրինակ ուռուցքաբան-գինեկոլոգի, հոգեբույժի կարիք այդքան էլ չկա: Այսինքն, այն խնդիրները, որոնք ոչ այնքան տարածված են, դրանց մասով նեղ մասնագետների կարիք գրեթե չկա, իսկ այն մասնագիտացումները, որոնք ենթադրում են հիվանդների մեծ հոսք  և հիվանդություններն ավելի տարածված են՝ իրենց կարիքը շատ կա»,- ասում է Առնո Հովհաննիսյանն ու հավելում, որ մասնագետների կարիքը տարբերակում են ըստ Արցախի քաղաքների ու բժշկական կենտրոնների:Ըստ նրա, այս մեկ տարում, եղել են բժիշկներ, որոնք մի քանի անգամ են մասնակցել ծրագրին՝ յուրաքանչյուր անգամ 15 օր կամ 1-2 ամիս ժամկետով:

Մենք զրուցել ենք ծրագրի մասնակից բժիշկներից ռևմատոլոգ Անուշ Մարդյանի հետ, որը երկու անգամ է գործուղվել Արցախ. առաջին անգամ 2021 թվականի մայիսին՝ 1 ամիս ժամկետով և երկրորդ անգամ 2021-ի դեկտեմբերին՝ 3 շաբաթով:

«Ես մինչև պատերազմն աշխատել եմ Շուշիի ու Ստեփանակերտի բժշկական կենտրոններում: Պատերազմից հետո տեղափոխվել եմ Հայաստան ու այստեղ եմ աշխատում: Մինչև այս, ևս մեկ ծրագիր էր արվել ու կանչել էին հենց արցախցի բժիշկներին՝ Արցախի այն հատվածներից, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ու, քանի որ իմ հիվանդները կապի մեջ էին ինձ հետ ու այնտեղ էլ ռևմատոլոգը խնդիր է, այդպես՝ որոշեցի գնալ»,- ասում է Անուշ Մարդյանը:

Հարցին՝ լինելով Արցախից, չի ցանկացել պատերազմից հետո մնալ Արցախում, Անուշ Մարդյանը պատասխանեց, որ փորձել է տեղափոխվել Ստեփանակերտ, սակայն բնակարան գտնելու խնդիր է ունեցել, որն ըստ նրա՝ հիմա էլ կա: Նա  այժմ Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում է աշխատում, բայց նաև ծրագրում է տեղափոխվել Արցախ:

Մեր մյուս զրուցակիցը՝ քիթ-կոկորդ-ականջաբան Ալեքսանդր Բաղդասարյանն էլ ասում է, իրեն պարտավորված է զգացել գնալ Արցախ:

«Ժամանակին ես Արցախում եմ ծառայել, ու հիմա էլ՝ կապված վերջին  պատերազմական իրադարձությունների հետ, ես մտածեցի, որ իմ օգնությունն այնտեղ ավելի պետք կլինի ու ավելի օգտակար կլինի՝ քան Հայաստանում, քանի որ այստեղ համեմատաբար մասնագիտական առումով հնարավորություններն ու հագեցվածությունն ավելի շատ է, իսկ այնտեղի մարդիկ շատ հնարավորություն չունեն Հայաստան գալու, իսկ տեղում էլ մասնագետ չունեն»,- նշում է Ալեքսանդր Բաղդասարյանն ու հավելում, որ ռիսկայնության մասին գիտակցել է, բայց նաև մտածել է, որ Արցախը մերն է, մեր մասնիկն է ու այդ ամենից հրաժարվելն ամենասխալ բանն է:

Բացի այն, որ գնացել ու կրկին պատրաստվում  է գնալ, բժիշկ Բաղդասարյանը նաև մյուս մասնագետներին է հորդորում գնալ և աշխատել Արցախում ,որովհետև իր խոսքով, այդպիսով նախ բնակչությանը կօգնեն և նաև  մասնագիտական փորձ ձեռք կբերեն։

«Հավատացեք, այնտեղի 15 օրվա աշխատանքը եռակի անգամ ավելի մեծ փորձ էր ու մասնագիտական առումով ավելի հագեցած »,- ասում է բժիշկն  ու շեշտում, որ երբ 15 օրով գործուղվել է Արցախ՝ 2021-ի օգոստոսին, այնտեղ եղել է մեկ ԼՈՌ մասնագետ, որի հետ համատեղ են աշխատել: Ասում է, հիվանդների հոսքը բավականին մեծ է եղել:

 Բժիշկ Անուշ Մարդյանն իր մասնակցության ընթացքում մեկ բաց է արձանագրել, ու ունի առաջարկ․

«Քանի որ, ես ավելի ակտիվ աշխատանք էի ակնկալում, կուզենայի այնպես կազմակերպվեր, որ շրջաններ էլ այցելություն լիներ: Հաստիքը, որով գնացել եմ Ստեփանակերտում է լրացված, սակայն, շրջանների բնակիչների գալը Ստեփանակերտ պատերազմից հետո զգալի դժվարացել է՝ հատկապես Մարտակերտից: Այսինքն ,կցանկանայի այդ ընթացքում մի քանի օր շրջայցերի համար տրամադրվեր»,- ասում է նա։ Մասնավորապես ռևմատոլոգիայի մասով այս պահին մասնագետ չկա: Կա միայն Ստեփանակերտում, բայց այդ ծավալների հոսքին նա միայնակ ի վիճակի  չէ հասցնել: Իսկ շրջաններում այսպես, թե այնպես չի եղել ռևմատոլոգ, ու հիմա էլ քանի որ այդ ճանապարհն ավելի է երկարացել, դժվար է  մարդկանց ասել առողջության հետ կապված հարցերով՝ ամեն անգամ գալ Ստեփանակերտ ու հետ գնալ։  

Նա նաև չի մոռանում ծրագրի դրական կողմերն առանձնացնել.

«Նախ և առաջ հնարավորություն ստեղծվեց Ստեփանակերտ գնալու, որովհետև մինչև այժմ էլ այնտեղ գնալը, բնակարան գտնելը դժվար էր, իսկ ծրագիրն այդ հնարավորությունը տալիս է: Այսինքն, իրենք ամեն ինչ կազմակերպում են, հիվանդներին իրազեկում են, որ այսինչ մասնագետը գալիս է»,- ասում է Անուշ Մարդյանը:

Առնո Հովհաննիսյանը ներկայացնելով ծրագրի նպատակը, ընդգծում է, որ Արցախի դեպքում այն մարտավարական նպատակ ունի, քանի որ պատերազմից հետո զգալիորեն այնտեղ բժիշկների թիվը կրճատվել է և այս ծրագրի շրջանակներում նաև փորձում են խրախուսել թեկուզ բժշկական համալսարանի արդինատորներին, մանավանդ ովքեր եկել են Արցախից, որպեսզի ավարտելուց հետո վերադառնան Արցախ և շարունակեն աշխատել այնտեղ:

«Այսինքն փորձում ենք խրախուսել, որպեսզի բժիշկների հոսք լինի դեպի Արցախ, որովհետև այնտեղ անհրաժեշտությունը կա՝ դա մեր մարտավարական նպատակներից մեկն է»,- ասում  է Հովհաննիսյանը:

  • Կիսվել: