երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Արցախի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպվել է Սուրբ Հարության տոնին նվիրված մշակութային միջոցառում

Արցախի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպվել է Սուրբ Հարության տոնին նվիրված մշակութային միջոցառում

Այսօր՝ ապրիլի 9-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի է ունեցել Սուրբ Հարության  տոնին նվիրված մշակութային միջոցառում մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գյուրջյանի անվան արվեստի և կիրակնօրյա դպրոցների  սաների մասնակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ  Տաթևիկ Բալայանի խոսքով՝ նույնիսկ շրջափակումը չէր կարող  խանգարել կյանքի կոչելու մշակությային այս ծրագիրը՝ նվիրված Սուրբ Հարության  տոնին:

«Այս միջոցառումը երեխաների առօրյան աշխուժացնելու հնարավորություն է  ընձեռում։  Մասնակիցները Սուրբ Զատկի վերաբերյալ  իրենց պատկերացումներն են արտացոլել  նկարչական թղթին և միջոցառման համար նախատեսված հավկիթների վրա։ Բացի այդ պատրաստվել է Զատկի ծառ՝  ներկած ձուն կախելու, զարդարելու համար։ 

Միջոցառման մասնակից Անին տոնական Արցախի Հանրապետության դրոշն ու աղավնի է նկարել, որն իր խոսքով պետք է խաղաղություն բերի Արցախ աշխարհին։

Նա անկեղծացավ, որ իր նկարազարդած հավկիթները  Զատկի ծառից է կախել՝ հույսով, որ կիրականանա պահած երազանքը՝ կբացվի Արցախը Հայաստանին կապող Կյանքի ճանապարհը և կարողանա այցելել  իր տատիկին ու պապիկին:

Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներից Ալեքսան էլ, ով օրվա խորհրդով կտավի վրա զատկական ուտելիքներով զարդարված սեղան էր նկարել, խոստովանում է, որ սիրում է Սուրբ Զատկի տոնը և արդեն հասցրել է հավկիթակռիվ խաղալ մայրիկի հետ ու հաղթել:

 

  • Կիսվել: