երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել: Ուղերձում ասված է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր:

32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:

  • Կիսվել: