ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի պետական արխիվը վերսկսել է թվայնացման գործընթացը. տնօրեն

Արցախի պետական արխիվը վերսկսել է թվայնացման գործընթացը. տնօրեն

Արցախի պետական արխիվը դիմող բոլոր քաղաքացիներին ժամանակին տրամադրում է անհրաժեշտ ինֆորմացիան։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական արխիվի տնօրեն Անահիտ Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ աշխատակիցների օգնությամբ իրականացվում են տեղահանված բնակչության անձնական փաստաթղթերի վերականգնման աշխատանքները և տրամադրվում նրանց աշխատանքային գործունեությունը հաստատող արխիվային տեղեկանքները:

Բնութագրությունը հասանալի չէ

Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝ արխիվի թվայնացման աշխատանքները շարունակվում են, քանի որ պատերազմը ցույց է տվել, որ պետք է արագ գործեն:
 
«Հայ ժողովրդի պատմության արխիվային փաստաթղթերի պահպանման համար աշխատանքներ ենք ուզում իրականացնել. առաջին պատերազմում ահագին փաստաթղթեր կորցրինք պատմության, տնտեսության, մշակույթի վերաբերյալ, քանի որ այդ իրավիճակին մենք պատրաստ չէինք», -ասաց նա: Արցախի պետական արխիվը 2 սկաներ է ձեռք բերել Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Սոնյա Միրզոյանի օգնությամբ, ինչը, մեր զրուցակցի հավաստմամբ, նպաստում է թվայնացման աշխատանքների արագ կազմակերպմանը։
 
Արխիվի հիմնական խնդիրը պահպանման համար համապատասխան բունկերների բացակայությունն է:
 
«44-օրյա պատերազմի ընթացքում՝ հրետակոծության տակ, արխիվի արժեքավոր փաստաթղթերի մի մասը տեղափոխել ենք Հայաստանի ազգային արխիվ, հետո նորից հետ բերել ։ Մեր հիմնական այցելուները տեղահանված բնակիչներն են, քանի որ նրանց փաստաթղթերը մնացել են օկուպացված տարածքներում: Դիմում են նաև արտերկրի մեր հայրենակիցները՝ քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման հարցով: Մենք բոլորին տրամադրում ենք օբյեկտիվ ինֆորմացիա»,-ընդգծեց Ա.Գրիգորյանը:

Զրույցի վերջում Արցախի պետական արխիվի ղեկավարը կարևորեց կառույցի դերը հայ ժողովրդի պատմության համար: «Ոմանց կարծիքով արխիվը մի պահեստանման վայր է, որտեղ ոչ պետքական, անցյալի գիրկը հանձնելու ենթակա թղթեր ու իրեր են պահպանվում, բայց իրականում «արխիվ» նշանակում է «դիվան»՝ պետության գործունեության հետ կապված վավերագրերի պահպանման և օգտագործման վայր: Արխիվը ժողովրդի հիշողությունն է, որը սերնդից սերունդ է հաղորդվում», -առանձնանշեց Ա. Գրիգորյանը:

  • Կիսվել: