երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ոստիկանությունը հավաքների անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Արցախի ոստիկանությունը հավաքների անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Հավաքը երկու կամ ավելի անձանց ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ սեփական գաղափարներն ու կարծիքն ազատ արտահայտելու մտադրությամբ։
 
Այս   մասին   տեղեկացրել  են    ԱՀ ոստիկանության հասարակայնության  հետ  կապի և լրատվության ծառայությունից:
 
Միջազգային և ներպետական իրավակարգավորումների համաձայն խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու բարոյական պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար:
 
Խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, բռնություն և պատերազմ քարոզելուն, հասարակական անվտանգությանը և այլն։
 
Հետևաբար հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
 
Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

 

 

  • Կիսվել: