երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի նախագահական ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է, ում ձայները երկու անգամ գերազանցում են նրա հիմնական մրցակից Մասիս Մայիլյանի ձայներից․ սոցիոլոգ

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է, ում ձայները երկու անգամ գերազանցում են նրա հիմնական մրցակից Մասիս Մայիլյանի ձայներից․ սոցիոլոգ

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն է, ում ձայները երկու անգամ գերազանցում են նրա հիմնական մրցակից՝ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի ձայներից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում գլխավորած «Սոցիոմետր» կազմակերպությունը հարցումներ է անց կացրել Արցախում ընտրությունների նախաշեմին։

Ըստ Ադիբեկյանի, նախնական տվյալներով՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ըստ հարցման արդյունքների՝ նրանց կեսից ավելին արդեն որոշել է, թե ում է ընտրելու, մնացածը դեռ մտորումների մեջ են: «Այսօրվա վիճակով առաջատարը Արայիկ Հարությունյանն է, նա երկու անգամ գերազանցում է Մասիս Մայիլյանին»,- հավաստեց սոցիոլոգը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Մայիլյանի ձայները 3 անգամ գերազանցում են Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձայները։

Իր հերթին Բալասանյանը, Ադիբեկյանի խոսկերով, երկու անգամ ավելի շատ ձայն ունի քան Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արցախցիների նման ընտրությունը, սոցիոլոգը պատասխանեց. «Բոլորը նշում են սոցիալական խնդիրները, ոչ ոք չի նշում ռազմական խնդիրները, պաշտպանության խնդիրը: Բալասանյանն էլ տնտեսական հարցերով է խոսում:

Պաշտպանության հարցերը արցախցիների համար կարծես լուծված են՝ ունենք բանակ, մենք պաշտպանված ենք, սահմաններն ամուր են»: Թեկնածուներից որևէ մեկը կկարողանա հենց առաջին փուլում հավաքել 50+1 տոկոս, Ադիբեկյանը դեռ դժվարանում է ասել, քանզի տատանվողները դեռ շատ են։

Միևնույն ժամանակ նա խոստացավ այս հարցը պարզել հատուկ վիճակագրական ծրագրով և կներկայացնել հանրությանը․ «Հենց տվյալները վերջնական լինեն, կներկայացնենք: Բոլոր դեպքերում արցախցիներն աշխատում են իրենց խելքով գործել, իրենց խելքով ապրել՝ անկախ Հայաստանի իշխանությունների նախասիրություններից»:

  • Կիսվել: