Արցախի ՄԻՊ–ը մահացած ու վիրավոր քաղաքացիների մասին նոր տեղեկություններ է հրապարակել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում ներկայացրել է սեպտեմբերի 27-29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունների հետևանքով հայկական կողմի կրած վնասներն ու մարդկային կորուստները։
Զեկույցի համաձայն` Արցախում Ադրբեջանի հարձակումների հետևանքով սպանվել է 4 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` 9 տարեկան երեխա, 1-ը` 24 տարեկան, երկուսը` 60 և 70-ամյա կանայք:
Մանկահասակ երեխան և երկու կանայք սպանվել են իրենց տան բակում, երիտասարդը` գյուղի ճանապարհին:
Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 30 քաղաքացի, որից 23-ը արական, 7-ը` իգական սեռի։ Նրանցից 22-ը վիրավորումը ստացել են իրենց տանը կամ տան մոտակայքում արկի պայթյունի հետևանքով։
Ընդ որում, երկու դեպքում արկը պայթել է բազմաբնակարան շենքի բակում։
6 քաղաքացի վիրավորում են ստացել համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս` մարդատար ավտոմեքենայի թիրախավորման և խոցման հետևանքով, 2-ը` հասարակական այլ վայրում:
Տուժածները հիմնականում վիրավորում են ստացել ձեռքերի, ոտքերի հատվածում ու դեմքին` բեկորային հարվածների ձևով:
Նրանցից 10-ը վիրավորվել են Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում, 1-ը` Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, 3-ը` Թաղասեռ համայնքում, 1-ը` նույն շրջանի Վարդաշատ համայնքում, 5-ը` Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, 1-ը` Սպիտակաշեն համայնքում, 4-ը` Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքին հարակից հատվածում, 2-ը` Ն.Հոռաթաղ համայնքում, 1-ը` նույն շրջանի Մադաղիս համայնքում, 2-ը` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։
Տուժած քաղաքացիների թիվն ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը. մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 7 անձ, 50-ից բարձր` 15 անձ:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հիշեցնում է, որ տվյալները վերջնական չեն, փաստահավաք առաքելությունը շարունակում է:
Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ բացի վիճակագրական տվյալներից, ներկայացնելու է նաև փաստական ու իրավական վերլուծություն: