շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի իշխանությունների վրա պաշտոնական Երևանի ճնշումներն ակնհայտ են. նախկին պետնախարար

Արցախի իշխանությունների վրա պաշտոնական Երևանի ճնշումներն ակնհայտ են. նախկին պետնախարար

Պաշտոնական Երեւանից Արցախի իշխանությունների վրա ակնհայտորեն ճնշում կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա՝ դա Արցախի պաշտոնյաների հասարակական ակտիվության պակասի պատճառներից մեկն է։

«Սա պայմանավորված է Հայաստանի իշխանությունների տարբեր ներքաղաքական մտավախություններով, ինչը դառնում է արցախցիների թիրախավորման և հասարակության մեջ հակաարցախյան տրամադրություններ առաջացնելու պատճառ։

Հաշվի առնելով տարբեր ռիսկերը, սպառնալիքները, ճնշումները՝ Արցախի պաշտոնյաները հանրային տարածքում իրենց զուսպ են պահում։

Ռեսուրսների բացակայության պայմաններում աշխատանքը դանդաղ է ընթանում։ Հոկտեմբերից Արցախի իշխանությունները որոշակի աշխատանքներ ամեն դեպքում իրականացրել են։ Արցախի իշխանությունների և օտարերկրյա բարձրաստիճան շրջանակների ակտիվ շփումները շարունակվում են։ Կարծում եմ, որ գործունեությունը պետք է ավելի հրապարակային լինի»,- նշեց նա։

Բեգլարյանն ասաց, որ վաղը հանրահավաք է լինելու, որը վերաբերելու է Արցախի ժողովրդի կարիքներին առնչվող խնդիրներին, և չի առնչվելու Հայաստանում ներքաղաքական գործընթացներին։

Նախկին պետնախարարը հավելեց, որ Արցախի իշխանությունները հայտարարել են հանրահավաքին մասնակցելու պատրաստակամության մասին։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի տարբեր քաղաքական շրջանակներ փորձում են դա շահարկել, մենք պահանջ ենք ներկայացրել՝ կապված հանրահավաքին ներքաղաքական ենթատեքստ հաղորդելու փորձերից խուսափելու հետ»,- ընդգծեց նա։

Բեգլարյանը կոչ արեց Հայաստանի իշխանություններին չփորձել բացասական տրամադրություններ առաջացնել արցախցիների նկատմամբ:

Նա նշեց, որ արդեն 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունների քարոզչամեքենան շահարկում է, թե իբր արցախցիները Հայաստան են ժամանել իշխանափոխություն իրականացնելու համար։

Նրա գնահատմամբ՝ դա բացահայտորեն խանգարում է թե՛ Արցախի ժողովրդին, թե՛ Հայաստանում կառուցողական ներքաղաքական պայքարին։

«Պետք է պայքարել, որպեսզի Արցախի պետական ​​ինստիտուտները պահպանվեն, և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը պետք է հաշվի նստեն դրանց հետ։ Արցախի պետական ​​կառույցների լեգիտիմությունը չպետք է խաթարվի: Մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ջրաղացին չենք լցնելու»,- եզրափակեց Բեգլարյանը։

  • Կիսվել: