շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան

Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ իրական խաղաղության հաստատումը հնարավոր է միայն մի շարք պայմանների ապահովման դեպքում:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Կայուն ու տևական խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել նաև հետևյալ պայմանները, որոնք լրիվությամբ անտեսված են Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում և Վաշինգտոնյան հռչակագրում՝

1. Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ու կյանքը հայրենիքում, որը որևէ առնչություն չունի ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների հետ.

2. Բոլոր հայ պատանդների ազատ արձակումը ադրբեջանական գերությունից և անհետ կորածների ճակատագրերի պարզումը.

3. Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը.

4. Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձը/ազատումը.

5. Հայատյացության քաղաքականության ու համակարգի ոչնչացումը Ադրբեջանում:

Ընդ որում՝ այս ամենը ուղղակիորեն բխում են նաև Արդարադատության միջազգային դատարանի հրամաններից՝ որպես պարտադիր կատարման քայլեր և՛ Ադրբեջանի, և՛ ողջ միջազգային հանրության համար, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների համար:

Ես, կամա ու ակամա, ցանկանում եմ կայուն, արժանապատիվ, արդար ու ներառական խաղաղություն հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար, այդ պատճառով էլ չեմ հանդուրժում թուրք-ադրբեջանական քարոզչական ծխածածկույթը, որի գլխավոր դերակատարը, ցավոք, ՀՀ իշխանություններն են: Ավելին, հայ ժողովրդի հատկապես արցախյան հատվածն այդ խաղաղությունը ցանկանում է շատ ավելի, քան՝ նման ծխածածկույթ ապահովող որևէ պաշտոնյա ու գործիչ, որոնք մեզ թիրախավորում են ճշմարտությունը ասելու համար՛՛:

  • Կիսվել: