ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Հանրապետությունում ընթանում են աշնանացանի աշխատանքներ. հողօգտագործողներին աջակցություն է տրամադրվում

Արցախի Հանրապետությունում ընթանում են աշնանացանի աշխատանքներ. հողօգտագործողներին աջակցություն է տրամադրվում

Արդեն երկու շաբաթ է՝ Արցախի Հանրապետությունում սկսվել են աշնանացանի աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն ասաց, որ մինչ օրս իրականացվել է 1555 հա աշնանացան, որից ցորենը կազմում է 1358.5 հա, գարին՝ 186.1հա և տրիտիկալը՝ 10 հա:

«Այսօրվա դրությամբ ավելի քան 11 000 հա պատրաստ է աշնանացանի համար: Աշխատանքները շարունակվում են, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս: Ըստ նախատեսվածի՝ կավարտվեն նոյեմբեր ամսվա կեսերին»,- նշել է Վ. Ավետիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչ 2020 թվականի պատերազմը, հողային հաշվեկշռով, Հանրապետության վարելահողերի մակերեսը կազմում էր ավելի քան 133 000 հա, որից , ըստ պաշտոնական տվյալների, մշակության տակ էր շուրջ 100 000 հա տարածք։

Բնութագրությունը հասանալի չէ

«2020 թվականի պատերազմի հետևանքով շուրջ 70% վարելահող ենք կորցրել: Սակայն, հակառակ դրան, պլանավորել ենք ունենալ մինչև 20 000 հա աշնանացանի ցանկատարածքներ. պետք է նշել, որ այս թիվը փոփոխման ենթակա է՝ կախված եղանակային պայմաններից և մարդկանց ֆինանսական հնարավորությունից»,- ընդգծել է Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է իրականացնել 5000-ից մինչև 7000 հա գարնանացան:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ աշնանացանի համար հողօգտագործողներին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրվում է ցորենի, գարու և տրիտիկալի սերմացու:

«1 կգ ցորենի արժեքը կազմում է 180 դրամ, գարին՝ 170 դրամ, իսկ տրիտիկալը՝ 180 դրամ: Ըստ ցանքսի նորմաների՝ 1 հա ցորենի ցանքատարածության դեպքում տրամադրվում է 230 կգ, գարու դեպքում՝ 160 կգ և տրիտիկալի դեպքում՝ 200 կգ: Ըստ նախատեսվածի՝ ցանքսից հետո, համապատասխան թվերի առկայության դեպքում, մոնիթորինգի արդյունքում, սերմի ձեռքբերման ցանկում ներառված հողօգտագործողներին սնուցման համար անհատույց կերպով կտրամադրվի մինչև 100 կգ ազոտական պարարտանյութ»,-մանրամասնել է Վ. Ավետիսյանը:

  • Կիսվել: