երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել

Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել

Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որ արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով:

Պրակտիկայի հանաձայն` մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ` այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան: Նույնը, բնականաբար, տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պարագայում:

Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշվարկներով:

Այս արարքն ուղղակիորեն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, առավել է ապացուցում, որ ադրբեջանական առավել ևս զինված ներկայությունը բացահայտ անօրինական է: Դա նոր հանցանքների աղբյուր է` մարդկանց բռնի անհետացումներ, առևանգումներ և այլն:

Խոսքը ցանկացած հայկական բնակավայրի մոտ ադրբեջանական բոլոր ներկայությունների մասին է: Այս հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացարձակ բացակայությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: