երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում:

Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ, ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ:

Այդ առումով Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ:

Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական զինուժը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախի ճակատային Խրամորթ գյուղում: Բարձրախոսով հայերեն սպառնում են գյուղացիներին՝ նրանցից պահանջելով լքել գյուղը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: