երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախցի մայրը ցանկանում է, որ բոլոր մանուկները խաղաղ երկնքի տակ ծնվեն

Արցախցի մայրը ցանկանում է, որ բոլոր մանուկները խաղաղ երկնքի տակ ծնվեն

Արցախյան երրորդ պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում էր ծննդաբերել մեր զրուցակիցը՝ Օքսաննա Առուստամյանը, ով նորածին որդու և դստեր հետ, ինչպես շատ հայ մայր ու մանուկներ, նույնպես ստիպված էր անցնել 44-օրյա պատերազմի արհավիրքով :

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օքսանա Առուստամյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ լսվեցին առաջին պայթյունները, Ստեփանակերտի ծննդատանն էր՝ նորածին որդին գրկին, իսկ դուստրը տանն էր մնացել, ինչն ավելի էր բարդացնում հոգեվիճակը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում լսեցինք առաջին պայթյունը, որը, կարծես, հենց ծննդատան պատուհանի տակ լիներ։ Վախեցանք, իհարկե, սակայն յուրաքանչյուրս մեր մտքում շտապեցինք, հերքել պատերազմի հավանականությունը։ Աղոթեցի՝ Աստված մի արասցե... Ավաղ պատերազմն արդեն իրողություն էր, պայթյունները շարունակվեցին: Իջանք նկուղ։ Աննկարագրելի ցավոտ զգացողություն էր ժամեր շարունակ, երբ թվում էր այլևս չեմ տեսնի տանն ինձ սպասող աղջկաս»,- վերհիշում է մեր զրուցակիցը:

Нет описания.

Հրթիռակոծվող Ստեփանակերտից և անմիջապես ծննդատնից Հայաստան տարհանված մոր ճանապարհը հեշտ չի եղել։ Ծանր հոգեբանական վիճակում էր: Նորածին որդուն բժշկների հսկողություն էր պետք:

«Նույն օրը երեկոյան տեղափոխվեցինք Երևան: Նորածին որդուս և դստերս հետ ժամեր շարունակ ճանապարհին էինք: Ես սթրեսի մեջ էի, ինչպես բոլորը: Հետծննդաբերական որոշ խնդիրների համար արդեն Երևանում դիմեցի բժշկի: Մինչև հիմա հուզվում եմ, երբ հիշում եմ բժիշկների բարի վերաբերմունքն ու հոգատարությունը մեր նկատմամբ»,- անկեղծանում է Օքսանան:

Արդեն երկու օրական Դավիթին հայրը միայն լուսանկարով էր տեսել: «Եղբոր վիրավորվելուց հետո ամուսինս նրան ուղեկցեց Երևան և միայն այդ ժամանակ կարողացավ կարճատև տեսակցել մեզ: Այժմ Դավիթս 2 տարեկան է։

Այս ընթացքում բալիկիս ծննդյան հետ կապված ցանկացած զրույցում նաև պատերազմի թեման է։ Երազում եմ խաղաղ երկինք՝ իմ ու աշխարհի բոլոր երեխաների համար։ Կցանկանայի, որ հայ մանուկը ծնվի խաղաղ ու հաղթանակած Արցախում, նկուղ իջնի միայն իր հեծանիվը վերցնելու համար»,- ասել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: