երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան (տեսանյութ)

Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան (տեսանյութ)

Հայաստանը Միջազգային դատարան մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժից գործողություններից։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կա հնչեցված թիվ, բայց արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր։ Երբ Ռուբեն Վարդանյանն ապօրինի բռնվեց, իր մասով եւս Եվրոպական դատարան առանձին պահանջ էինք ներկայացրել։ Այս մասով նաեւ քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ եւս Եվրոպական դատարան կամ այլ որեւէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առեւանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների»։

Կիրակոսյանն անդրադարձել է դատարանից ակնկալիքին՝ նշելով, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը: «Որովհետեւ սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետեւանքներ ունենալ»,-ասել է նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դատարանից Հայաստանը պե՞տք է ունենա առարկայական ակնկալիք, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է․ «Ազատ արձակման հավանականությունը քիչ է, չունեմ նմանատիպ հիմք, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ես խոսում եմ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլեւ ՄԻԵԴ-ի մասին։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում Ադրբեջանին կամ չեն պարտավորեցնում նրան՝ ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու եւ ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ»։

Նա խոսել է նաեւ Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն  մասին եւ հարցին՝ արդյոք այլ երկիր մեկնելու դեպքում այդ անձանց կարո՞ղ են ուղղակի հանձնել Ադրբեջանին, Կիրակոսյանը չի բացառել:

«Նմանատիպ հանցագործությունների համար հետախուզում հայտարարելու դեպքում, օրինակ՝ եթե «Ինտեպոլի» միջոցով է դա արվում, շատ դեպքերում նմանատիպ կոնտեքստից բխող պահանջները «Ինտերպոլը» համարում է քաղաքական եւ դրանք չեն ներառվել համաշարհային հետախուզման տրամաբանության մեջ։ Չի բացառվում որոշ պետություններ, որոնք կհամագործակցեն Ադրբեջանի հետ, ուղղակի կգնան այդ քայլին․ այսինքն՝ այդ ռիսկը կա։ Քաղաքացիները պետք է անպայման ուշադիր լինեն, որովհետեւ որեւէ բան բացառելի չէ»,-նշել է նա։

Կիրակոսյանն անդրադարձել է նաեւ Արցախում մնացած հայերի իրավունքներին առնչվող հարցին եւ ասել, որ այդ մասով նույնպես ձեռնարկվել են քայլեր:

«Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջի մեջ առաջինը հենց վերաբերում է էթնիկ հայերի իրավունքների երաշխավորման ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում, այդ թվում՝ պահանջ ունենք, որը վերաբերում էր չիրականացնել գործողություններ, որը կբերի բռնի տեղահանման, չնայած որ արդեն ուշ էր, որովհետեւ դա արդեն ընթացքի մեջ էր։ Պահանջել ենք, որ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսեւորվի, պահանջի մեջ ներառվում էր նաեւ անձանց ազատ տեղաշարժը չսահմանափակել։ Մեր պահանջների մեջ ներառել ենք նաեւ վերադարձի իրավունքը, որովհետեւ այստեղ խոսքը գնում է բնիկ ժողովրդի մասին, վերադարձի իրավունքը նաեւ շատ կարեւոր իրավական կոնցեպտ է»,-նշել է նա՝ հավելելով, որ պահանջներում ներառված է Արցախի մշակութային ժառանգությաբ հարցը:

  • Կիսվել: