Անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման հարցում. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակից:
՛՛Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։
Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։