ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անցկացվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ

Անցկացվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ

Հոկտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ: Այն վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն։

Նիստը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների: Այնուհետև ԱԺ խոսնակը անդրադարձավ համավարակի վտանգներն՝ կոչ անելով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Անցնելով օրակարգի հարցերին՝ պատգամավորները նախ քննարկեցին <<<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պարբերականությանը, տեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:

Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Պատգամավորների հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո 19 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ օրինափաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Թեև այն արդեն անցել էր հանձնաժողովային քննարկման փուլը, և ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր :

Հաջորդիվ քննարկվել է <<Առևտրի և ծառայությունների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունն ենթակա է լիցենզավորման:

Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով:

Սակայն, հաշվի առնելով արցախյան 44 օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները,նախաձեռնության հեղինակները նպատակահարմար են գտնում երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը քվերակության դրվեց: 27 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը :

Լիագումար նիստը եզրափակվեց պատգամավորական հայտարարություններով: Հնչեց 4 հայտարարություն Գագիկ Բաղունցի, Գեղամ Ստեփանյանի, Սեյրան Հայրապետյանի և Մետաքսե Հակոբյանի կողմից:

 

  • Կիսվել: