երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ

Շարունակվում են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների այցելությունները դեպի Արցախ: Նրանք տեղում ականատես են լինում Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների իրագործած պատերազմի հանցագործություններին, հանդիպում ղեկավարության, բնակիչների հետ, իրականացնում փաստահավաք աշխատանք:

Արցախի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցին մասնակցել են Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին, Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թոռարինսոնը, Համաշխարհային քրեական արդարադատության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցությունից Էլիզաբեթ Մեյը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Սարոյան:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, որը ասուլիսին էր միացել հեռավար եղանակով, նշեց, որ Միացյալ Նահանգները շատ մտահոգված է ենթակառուցվածքների ավերումով և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի առջև, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց պաշտպանությունը:

«Վայրագություններն ու սպանությունները պետք է դադարեցվեն Արցախում: Կոչ եմ անում, որ հարցը ստանա ոչ ռազմական լուծում: ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել և սկսել բանակցությունները»,- նշեց պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հիշեցնելով Թրամփի ուղղորդումը մարասիրական բնույթի հրադադարի հաստատման համար:

Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել երկու կողմերին հաստատել հրադադար դիվանագիտական ճանապարհով և այդ ամենը իրականացնելու Հելսինկիի պայմանավորվածության շրջանակներում՝ հարգելով տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքները:

«Խիստ մտահոգված ենք քաղաքացիների շրջանում զոհերի աճող թվով և քաղաքացիական ենթակառուցվածքների և անձանց թիրախավորմամբ: Ուզում եմ շատ հստակ դիմել տարածաշրջանի երկրների ղեկավարներին: Բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ երկրների առաջնորդներն ու ռազմական ղեկավարները, պատասխանատվություն են կրում և պետք է ամեն ջանք ներդնեն, որ ոճրագործություններ տեղի չունենան»,- նշեց Մորզե Թանը:

  • Կիսվել: