երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամիսներ անց Արցախը կվերածվի մեծ շինհրապարակի․ Արայիկ Հարությունյան

Ամիսներ անց Արցախը կվերածվի մեծ շինհրապարակի․ Արայիկ Հարությունյան

Բնակարանային հարցն, ընդհանուր առմամբ, համարվում է Արցախի հանրապետության թիվ մեկ խնդիրներից մեկը:  Այս մասին գրառում է արել Արցախի նախկին պետական նախարար, Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորաես, գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,

Բնակարանային հարցն, ընդհանուր առմամբ, համարվում է մեր հանրապետության թիվ մեկ խնդիրներից մեկը: Անցած տարիներին այս ուղղությամբ կառավարությունը զգալի աշխատանք է կատարել, պետական աջակցությամբ ներդրվել է հիփոթեքային ծրագիր, սոցիալական քաղաքականության շրջանակներում հարյուրավոր ընտանիքներ բնակարանամուտ են տոնել, կառուցվել են ամբողջական թաղամասեր, սակայն առկա պահանջարկը ոչ միայն շարունակում է գտնվել առաջնային տեղում, այլև ծրագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել:

Շատ երկար եմ մտածել այս ուղղությամբ, և կարծես թե գտել եմ այն օպտիմալ լուծումը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ կներկայացնեմ ձեր ուշադրությանը: Մասնավորապես՝ հիփոթեքի հետ կապված մեր առաջարկները, գործող կարգերի համեմատ, հեղափոխական կլինեն, որի հիմքում դրել ենք յուրաքանչյուր ընտանիքի պարտադիր բնակարանով ապահովելու փիլիսոփայությունը: Իսկ թե ինչպե՞ս, այդ մասին կանդրադառնամ հաջորդիվ:

Այսօր քննարկման հիմնական թեման ուզում եմ դարձնել Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը: Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը:

Գուցե առաջին անգամ, բայց այս առթիվ հրապարակավ երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ Վարչապետին, ով անվարան ընդառաջեց մեր առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար: Ի դեպ, ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին: Ընդամենը ամիսներ անց երկու կառավարությունների համատեղ ջանքերով Արցախը կվերածվի մեծ շինհարթակի:

Այո՛, բանակը մեր լինելիության երաշխավորն է, իսկ սպառազինության, նյութատեխնիկական և այլ հարցերին զուգահեռ՝ զինծառայողների սոցիալական խնդիրները մշտապես շարունակելու է գտնվել մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:
»

  • Կիսվել: