Ալիևի հրամանով տեղի է ունենում ԼՂ մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում. Պետեր վան Դալեն
Այսօր Եվրախորհրդարանի ամբիոնից Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը հայտարարել է, որ Ադրբեջանին բնորոշում են ոչ միայն կոռուպցիան, ընդդիմադիրների ձերբակալությունները և մարդու իրավունքների խախտումները, այլև այն քայլերը, որոնք վտանգի են ենթարկում Լեռնայի Ղարաբաղի բնակիչների կյանքը, և այդ վտանգն օր օրի ավելանում է:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք տեսնում ենք, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում, այդ թվում՝ եկեղեցիների, պատմական շինությունների հուշարձանների, հրապարակների և այլն: Մենք Եվրախորհրդարանում դատապարտում ենք Բաքվի հայատյաց քաղաքականությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում փաստահավաք առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում՛՛:
Հիշեցնենք, որ Քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: