հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ ներկայացվել են պատերազմից տուժածների կորուստների վերաբերյալ հետազոտության արդյունքները

ԱՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ ներկայացվել են պատերազմից տուժածների կորուստների վերաբերյալ հետազոտության արդյունքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են 2020թ.-ի պատերազմի հետևանքով տուժած բնակչության կորուստների, կարիքների, ընկալումների և դիմակայության վերականգնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուսումնասիրվել են Արցախում և ՀՀ-ում գտնվող 20 հազար 297 արցախցի ընտանիքների առաջնային կարիքներն ու կորուստները, մարդկային կապիտալն ու առկա ռեսուրսները, ապագայի պլաններն ու մտադրությունները, ինչպես նաև հանրային բազմաբնույթ ծառայություններից օգտվելու մատչելիությունը:

«Ծանոթանալով հետազոտության արդյունքներին՝ նախագահ Հարությունյանը նշել է դրանց կարևորությունը պետական ծրագրերի հստակեցման և հասցեականության բարձրացման առումով։ Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն նաև ներկայացված տվյալները, որոնք ծրագրերն առավել արդյունավետ կդարձնեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախագահը հանձնարարել է նաև գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված ընտանիքների հետ աշխատանքներ սկսել նորանշանակ սոցիալական աշխատողների ընդգրկմամբ՝ պարզելու տնտեսական ակտիվացման համար նրանց ցանկությունները, կարիքներն ու հնարավորությունները, և, ըստ այդմ, 2022թ.-ի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ծրագրեր ու միջոցներ:

  • Կիսվել: