չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է աղքատության մակարդակի հետազոտության արդյունքները

ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է աղքատության մակարդակի հետազոտության արդյունքները

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունն ընդհանրացրել է կատարած հետազոտության 2021 թվականի ցուցանիշները Հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն  այսօր՝  նոյեմբերի 29-ին, ներկայացրել է Ազգային Վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, ում տեղեկատվությամբ 2021թվականին  Արցախի Հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ հետազոտության ընտրանքի ձևավորման համար հիմք է հանդիսացել  բոլոր տնային տնտեսությունների  հասցեների տվյալների բազան, որը ստեղծվել էր 2015 թվականի  մարդահամարի արդյունքների հիման վրա, բացի  Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի տնային տնտեսություններից։ «Յուրաքանչյուր ամիս հետազոտվել  է 108 տնային տնտեսություն, որից 54-ը` քաղաքային: Դաշտային աշխատանքներն իրականացրել են 12 հարցազրուցավար: Ընդհանուր առմամբ, 2021թվականին հետազոտվել է 1296 տնային տնտեսություն (648-ական քաղաքային և գյուղական բնակավայրեր): Հարցազրուցավարներն այցելել են 1 766 տնային տնտեսություն, որոնցից հետազոտությանը հրաժարվել են մասնակցել 7,4 տոկոսը»,-մանրամասնեց ԱՎԾ ղեկավարը՝ հավելելով, որ  հիմնականում   մասնակցելուց հրաժարվել են մեծահարուստները, ինչի հետևանքով  էականորեն փոփոխվում է հետազոտության պատկերը։

Անդրադառնալով հետազոտության արդյունքներին և ըստ եկամուտների տնային տնտեսությունների աղքատության մակարդակին ու սոցիալական տրանսֆերտներին, որոնք ներառում են կենսաթոշակները և դրամական սոցիալական աջակցությունը, Մանուշ Մինասյանը նշեց, որ կենսաթոշակները եկամտի կարևոր աղբյուր են բնակչության, հատկապես կենսաթոշակառուների համար։
 
Վիճակագրական ծառայության հետազոտությունների ուսումնասիրության բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանի խոսքով՝2021թ.-ի հետազոտությամբ ստացված արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ սոցիալական տրանսֆերտները շարունակում են կարևոր գործիք լինել աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության համար:
 
«Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների (կենսաթոշակներ և դրամական սոցիալական աջակցություն) վճարումը, իսկ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն»,-հավելել է նա՝ մանրամասնելով, որ այն շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն է, ուստի կենսաթոշակի չափը պայմանավորում է այդ խմբի  բնակչության բարեկեցության աստիճանը:
 
«Ըստ 2021թ. տվյալների՝ հարցվածների 57,8 տոկոսը որպես եկամտի աղբյուր նշել են կենսաթոշակները, 6,1տոկոսը՝ երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները, 3,6 տոկոսը՝ 2 տարեկանից բարձր երեխաներին տրվող նպաստը և 26,9%-ը՝ այլ նպաստներ` ներառյալ արտոնությունները: Իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ սոցիալական տրանսֆերտները շարունակում են լինել կարևոր գործիք աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության համար: Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը և աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն»,- ընդգծեց բանախոսը:
 
Աղքատության մակարդակի հետազոտության արդյունքների վերաբերյալ ԱՎԾ հաշվետվության համաձայն՝  ընդհանուր առմամբ, աղքատության սուբյեկտիվ գնահատականն ավելի ցածր է, քան օբյեկտիվը:   Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2021թ. աղքատ (ներառյալ՝ ծայրահեղ աղքատ) են իրենց համարել հարցվածների 2,7 տոկոսը:   Հարցվածների ինքնագնահատմամբ` 2021թ. միջին կենսամակարդակ ունեցել են 81,7 տոկոսը,   նրանցից 11,1 տոկոսի կարծիքով՝ իրենց կենսամակարդակը միջինից ցածր է, իսկ 4,5 տոկոսը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ և  ոչ ոք իրեն հարուստ չի համարել:

  • Կիսվել: