երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան

Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան

Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով՝ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել: Այս մասին Հանրայինի ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

՛՛Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի։ Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է՛՛,- ընդգծել է դեսպանը։

Մարուքյանը նշել է, որ օրերս Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի  ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամի  ճանապարհով հումանիտար  օգնություն տրամադրել։ ՛՛Այսինքն, տեսեք տարբերությունը։ Սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է։ Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է՛՛,-ասել է Մարուքյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված հումանիտար բեռն այս պահին սահմանային հատվածում կանգնած է, իսկ Հայաստանի կառավարությունը մինչ այդ ևս 500 տոննա բեռ ուղարկել էր, սակայն դա նույնպես Գորիսի պահեստներում է, քանի որ միջանցքով անցկացնել հնարավոր չի եղել։

Նա հավելել է, որ Ադրբեջանում փորձել են հրատապ կարգով հավաքել այդ երկրում հավատարմագրված դեսպաններին և պատմել, թե ՛՛իրենք պատրաստ են բեռներ տրամադրել Աղդամի ճանապարհով, ինչպես պայմանավորվել են Բրյուսելում՛՛։  ՛՛Դա սուտ է, և, բնականաբար, դրան համապատասխան արձագանք կտրվի՛՛,- հայտարարել է Մարուքյանը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի ՛՛տերերից՛՛ մեկն է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ ՛՛Կա Լաչինի միջանցք, որն Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ հաստատված՝ Հայաստանի հետ կապը պահպանող միակ ճանապարհն է։ Հայաստանի համար հայտնի միակ միջանցքն այդ միջանցքն է, կյանքի  ճանապարհը դա է, հիմա մենք այդ կյանքի ճանապարհով փորձում ենք հումանիտար բեռներ փոխանցել՛՛,- ասել է նա։

Մարուքյանը հստակեցրել է, որ Ադրբեջանի սպեկուլյացիաներից խուսափելու համար ի սկզբանե հայտարարել են, որ որևէ նպատակ չունեն այնպես անել, որ բեռնատարների մոտենալն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետին անակնկալ լինի ադրբեջանցիների համար։

՛՛Մենք ասում ենք, որ բեռնատարները հասել են սահմանային հատված, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կարող են բեռները վերցնել և փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Սրանք են մեր քայլերը, և տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ կետից չի կարողանում բռնվել, որ մեր քայլը պրովոկացիա որակի, հիմա էլ ասում են, թե Բրյուսելում պայմանավորվել ենք Աղդամի ճանապարհի մասին։ Դա ակնհայտ սուտ է։ Ես կարծում եմ, որ Շառլ Միշելի գրասենյակից ևս պետք է արձագանքեն այս ստին, որովհետև այն կառուցված է Շառլ Միշելի հայտարարության հիման վրա՛՛,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, իբրև թե Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել ավելի մեծ ծավալի բեռներ հասցնելու համար: ՛՛Դա հաստատվում է նաև ԿԽՄԿ-ի հայտարարությամբ՛՛, - հայտարարել է Հաջիևը:

՛՛Անթույլատրելի է պնդել, որ օգտագործվի միայն Լաչինի ճանապարհը, և հրաժարվել Աղդամի ճանապարհից, փակել ճանապարհը, քաղաքականացնել այն։ Միջազգային հանրությունը պետք է հստակ մեսիջ հղի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջան վերաինտեգրման վերաբերյալ։ Այլ ճանապարհ չկա: Խաղն ավարտված է՛՛,-ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Աղդամի ուղղությամբ հումանիտար բեռներ տեղափոխելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է. ՛՛Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետեւ այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ՛՛:

 

  • Կիսվել: