Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը երկու հաղորդագրություն է տարածել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այսպես, համաձայն Միլլերի հաղորդագրության, Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետի հետ՝ ՛՛վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթացին՛՛:
՛՛Պետքարտուղար Բլինքենը ևս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ:
Բլինքենն ընդգծել է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու ԱՄՆ շարունակական ջանքերը, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի տեսլականը՛՛,-ասված է Միլլերի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Ալիևի հետ զրույցի մասին հաղորդագրությանը, ապա այստեղ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցած շաբաթ արած հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք: Նա նաև ՛՛ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար՛՛:
՛՛Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել երկխոսությունն իր հայ գործընկերոջ հետ՝ հաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին՛՛։
Նշվում է նաև, որ պետքարտուղար Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։
Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների մեր ձգտումը:
Ավելի վաղ Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: