Ադրբեջանն արգելափակել է դեպի ԼՂ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը. Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն:
՛՛Արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով՛՛,-ասել է նա՝ դատապարտելով Ադրբեջանի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ անելով գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Հավելենք նաև, որ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։